Արհեստական բանականություն
vs. Մարդկային բանականություն
|
Արհեստական բանականությունը «վայրկյանական» զարգանում և առաջընթաց է գրանցում։ Այս ամենը հիանալի է, բայց, միևնույն ժամանակ, սարսափելի։ Ի՞նչ է սա նշանակում. մարդը ստիպված է պայքար մղել իր իսկ ստեղծած արհեստական բանականության դեմ։
Արդյունքում ծագել է նոր բանավեճի թեմա և հզոր մրցակցություն արհեստական բանականության (ԱԲ) ու մարդկային բանականության (ՄԲ) միջև։
Այս բլոգում միասին կբացահայտենք ԱԲ-ի և ՄԲ-ի հիմնական տարբերությունները, ներառյալ ԱԲ-ի հնարավոր ազդեցությունը աշխատանքի և տնտեսության ապագայի վրա և կփորձենք ստանալ թերևս ամենաակտուալ ու հաճախ տրվող հարցի պատասխանը՝ արդյո՞ք արհեստական բանականությունը կփոխարինի մարդուն։
Դե ինչ, պատրաստվիր վերջապես ստանալ ամենաինտրիգային հարցի պատախանը։
Ի՞նչ է արհեստական բանականությունը (ԱԲ)
Արհեստական բանականություն կամ արհեստական ինտելեկտ (երբեմն նաև մեքենայական ինտելեկտ, անգլ.՝ artificial intelligence, AI), ի տարբերություն մարդուն և կենդանիներին հատուկ «բնական» բանականության, մեքենայի կողմից ցուցադրվող բանականություն է։
Արհեստական բանականություն տերմինը կարող է օգտագործվել ցանկացած համակարգչի համար, որն ունի մարդկային ուղեղին բնորոշ հատկանիշներ՝ ներառյալ վերլուծական մտածելու, որոշումներ կայացնելու և արտադրողականությունը բարձրացնելու կարողությունը:
Այլ կերպ ասած՝ արհեստական ինտելեկտ տերմինը կիրառվում է, երբ մեքենան իրականացնում է «ճանաչողական» գործառույթներ, ինչպես օրինակ՝ «սովորելը» և «խնդիր լուծելը», որոնց մարդիկ սովորաբար ասոցացնում են «խելքի» հետ։
ԱԲ-ի հիմքում մարդկային պատկերացումներն են, որոնց արդյունքում մեքենաները կարողանում են հեշտությամբ կատարել առաջադրանքները՝ ամենապարզից մինչև ամենաբարդը:
Ի՞նչ է մարդկային բանականությունը (ՄԲ)
Մարդկային բանականության և վարքագծի նորմերը ձևավորվում են անհատի գենետիկայի, դաստիարակության և տարբեր իրավիճակների ու միջավայրերի ազդեցության արդյունքում:
Մարդու կողմից տրամադրված տեղեկատվությունը բազմաբնույթ է և ունի էմոցիոնալ դաշտ:
ԱԲ-ի իրական օրինակներ (Real-life Examples)
Արհեստական ինտելեկտի հետ ինչ-որ ձևով մենք ամեն օր շփվում ենք: Դրա ապացույցն է ստորև ներկայացված մեր real-life օրինակները:
Սոց.ցանցեր
Վստահ ենք՝ գոնե 1 անգամ մտածել ես այս հարցի շուրջ. «Արդյո՞ք իմ հեռախոսն ինձ լսում է»։
Եթե Դուք որևէ սոց.ցանցի օգտատեր եք, ուրեմն այո՛, Ձեզ լսում են։ Դուք օգտագործում եք keyword-եր, որոնց հիման վրա էլ ալգորիթմը աշխատում է Ձեզ վրա։ Իսկ ի՞նչն է այս ամենի ետևում։ Իհարկե արհեստական բանականությունը։ Արհեստական ինտելեկտի գործիքների միջոցով կայքերը կարող են հետևել օգտատերերի վարքագիծը՝ առաջարկելով բովանդակություն, գովազդներ և նյութեր, որոնք նրանց դուր կգան:
Քարտեզներ և նավիգացիա
Հիշո՞ւմ եք, որ տասնյակ տարիներ առաջ մարդիկ տպում և իրենց հետ պահում էին քարտեզներ ու այդպես կողմնորոշվում՝ ո՞ր ուղղությամբ գնան։ Այժմ ամեն ինչ այլ է. հավելվածները ցույց են տալիս գրեթե ամեն ինչ` սկսած ուղղությունից մինչև տեսախցիկների, խցանումների և նույնիկ ավտովթարների մասին տեղեկություն։
Առաջարկություններ
Դուք դիտել եք որևէ ֆիլմ Netflix-ում և հետո ստացել մեկ այլ, նմանատիպ ֆիլմի առաջարկ։ Այստեղ արհեստական ինտելեկտի գործիքն աշխատում է ըստ Ձեր կատարած որոնումների սկզբունքի։
Օրինակ, եթե գնում եք որևէ գիրք Amazon-ից, կարող եք ստանալ գովազդներ կամ առաջարկություններ նմանատիպ գրքի մասին։
Դեմքի նույնականացում
Այստեղ լավագույն օրինակը մեր սմարթֆոններն են. բոլորս էլ դեմքի նույնականացման միջոցով կարողանում ենք մուտք գործել ցանկացած հավելված։ ԱԲ գործիքների միջոցով մեր դեմքը նույնականացվում է անգամ այն դեպքում, երբ ակնոցով ենք կամ դիմակով։ Սա իր հերթին արագ է ու ապահով։
Որո՞նք են արհեստական և մարդկային բանականությունների հիմնական տարբերությունները
Ստորև ներկայացված աղյուսակում կարող եք տեսնել ԱԲ-ի և ՄԲ-ի հիմնական տարբերությունները.
Պարամետր |
Մարդկային բանականություն |
Արհեստական բանականություն |
1. Էվոլյուցիա
|
Մարդն արդեն իսկ ծնվում է տրամաբանելու, հասկանալու, գիտակցելու կարողություններով՝ ժամանակի ընթացքում զարգացնելով իր գիտելիքներն ու հմտությունները։ |
Արհեստական ինտելեկտի զարգացման հիմքը վերագրվում է Norbert Wiener*-ին՝ կարևոր ներդրում ունենալու համար։ Մինչ օրս ԱԲ-ն անցնում է զարգացման տարատեսակ փուլեր՝ ընդլայնելով իր հնարավորությունները։ |
2. Էություն
|
Մարդկային ինտելեկտի նպատակն է համատեղել մի շարք ճանաչողական գործողություններ։
|
Արհեստական ինտելեկտի նպատակն է ստեղծել համակարգիչներ, որոնք կարող են փոխարինել մարդկանց։
|
|
|
|
3. Արագություն |
Ինչ վերաբերում է արագությանը, ապա մարդիկ չեն կարող մրցել արհեստական ինտելեկտի կամ ռոբոտների հետ: Այստեղ, որպես օրինակ, դիտարկենք կոնտենտ գրելը։ Մինչ մարդկային ուղեղը մշակում է համապատասխան կոնտենտ, AI գործիքի՝ Chat GPT-ի միջոցով վայրկյանների ընթացքում արագ ստեղծվում և մշակվում է կոնտենտը, ընդ որում՝ առանց սխալների և բացթողումների։ |
Համակարգիչները մշակում են ավելի շատ տեղեկություն ավելի բարձր արագությամբ, քան մարդիկ: Այն պարագայում, երբ մարդու միտքը կարող է պատասխանել մաթեմատիկական խնդրին 5 րոպեում, արհեստական ինտելեկտը կարող է 1 րոպեում լուծել 10-ը խնդիր: |
4. Սովորելու ունակություն |
Մարդկային ինտելեկտը ձեռք է բերվում ճանաչողական գործընթացի միջոցով՝ ուսուցման, պրակտիկ փորձի և գիտելիքի արդյունքում: |
Մեքենաները երբեք չեն ստեղծում ճանաչողական գործընթաց, նրանք տեղեկատվությունը ստանում են հատուկ իրենց համար գրված կոդերի միջոցով: |
5. Կատարելություն |
Մարդկային բանականության մեջ գրեթե միշտ կա «մարդկային սխալի» հավանականությունը։ |
ԱԲ-ի հնարավորությունները կառուցված են ուղեցույցների և կոդերի վրա, որոնք պարբերաբար թարմացվում են՝ ապահովելով ճշգրիտ արդյունքներ։ |
6. Ճկունություն |
Մարդու առողջ դատողությունը թույլ է տալիս միաժամանակ կատարել մի քանի աշխատանքներ/առաջադրանքներ։ |
Արհեստական ինտելեկտը կարող է միաժամանակ կատարել առաջադրանքների միայն մի մասը: |
7. Էմոցիոնալ դաշտ |
Լինելով սոցիալական արարածներ՝ մարդիկ ունեն հստակ ձևավորված էմոցիոնալ դաշտ, որի միջոցով կարող են լսել, հասկանալ և ընկալել դիմացինին։ |
Արհեստական ինտելեկտը դեռևս չի տիրապետում էմոցիոնալ և զգացմունքային ցուցանիշներն ընկալելու կարողությանը: |
|
|
|
|
*Norbert Wiener - ամերիկացի մաթեմատիկոս, Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկայի պրոֆեսոր էր։ Համարվում է Կիբեռնետիկայի հիմնադիրն ու հետադարձ կապ գաղափարի ձևակերպողը։ Ունի ամենամեծ ներդրումը ԱԲ-ի ստեղծման գաղափարի մեջ։
Ինչպիսի՞ն կլինի մարդու ապագան ընդդեմ ԱԲ-ի
Չնայած արհեստական բանականությունը պարբերաբար ավելի նոր ծառայություններ է մատուցում մարդկությանը՝ ավելանում են նաև մտահոգություններն այն մասին, որ դրա ազդեցությունը մարդկության ապագայի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:
AI-ի հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են։ Զգալի ժամանակ է պահանջվում արհեստական ինտելեկտի համակարգերի մշակման համար, ինչը չի կարող տեղի ունենալ մարդկային միջամտության բացակայության դեպքում: Արհեստական ինտելեկտի բոլոր ձևերը, ներառյալ ինքնակառավարվող մեքենաները և ռոբոտաշինությունը, ինչպես նաև ավելի բարդ տեխնոլոգիաները դեռևս կախված են մարդկային ինտելեկտից:
Շատ դեպքերում արհեստական ինտելեկտն աննկարագրելի օգտակար է, բայց կարևոր է ճիշտ սահմանել դրա օգտագործման շրջանակը, որպեսզի այն սպառնալիք չդառնա մարդկանց համար։
ԱԲ-ի ազդեցությունը աշխատատեղերի ապագայի վրա
Արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում ավելի կհեշտացնի կյանքը։ Այս ընթացքում կառաջանա նաև նոր մասնագիտությունների կարիք։
Շատերի մոտ ձևավորվել է այն կարծրատիպը, որ եթե տեխնոլոգիաներն ավելի զարգանան, ամեն ինչ կանցնի արհեստական բանականության կառավարման տակ, և մեծ թվով մասնագիտություններ կվերանան։ Այս հարցին պետք է նայել մեկ այլ տեսանկյունից ևս. կառաջանան մի շարք նոր, բարձր վարձատրվող մասնագիտություններ, իսկ ԱԲ-ն դրական ազդեցություն կթողի աշխատատեղերի վրա։ Թվենք մի քանիսը՝
1. Աշխատանքի ավտոմատացում
Արհեստական ինտելեկտի առավել նկատելի ազդեցությունը եղել է արդյունաբերության լայն շրջանակում նախկինում ձեռքով իրականացվող գործընթացների թվայնացման և ավտոմատացման արդյունքը: Այն աշխատանքները, որոնք նախկինում կատարվում էին ձեռքով, այժմ իրականացվում են ավտոմատացված եղանակով:
2. Նոր հնարավորություններ
Արհեստական ինտելեկտը նոր հնարավորություններ է ստեղծում աշխատուժի համար՝ ավտոմատացնելով աշխատանքները: Տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցրել է ուսումնասիրության և աշխատանքի նոր ոլորտների ի հայտ գալուն։ Հետևաբար, եթե անգամ մարդու կողմից կատարվող ավանդական աշխատանքները վերանան, նոր հնարավորություններ և ոլորտներ կստեղծվեն։
3. Տնտեսական աճ
ԱԲ-ն ճիշտ օգտագործելու դեպքում այն կնպաստի ոչ միայն առաջընթացին, նաև արտադրողականության բարձրացմանը: Արդյունքում աճում է ապրանքների և ծառայությունների պահանջարկը, որն էլ իր հերթին խթանում է տնտեսական աճը։
4. Ստեղծագործության և նորարարության աճ
Փորձագետներն այժմ ավելի շատ ժամանակ ունեն կենտրոնանալու վերլուծելու և նոր, օրիգինալ լուծումներ առաջարկելու մարդկային ինտելեկտը բարձրացնելու համար, մինչդեռ ռոբոտաշինությունը, արհեստական ինտելեկտը և արդյունաբերական ավտոմատացումը իրականացնում են որոշ ամենօրյա և ֆիզիկական առաջադրանքներ, որոնք նախկինում կատարում էին մարդիկ:
Արդյո՞ք արհեստական բանականությունը կփոխարինի մարդկանց
Թեև ԱԲ-ն ունի որոշակի առաջադրանքներ և աշխատատեղեր ավտոմատացնելու ներուժ, այն, ամենայն հավանականությամբ, կփոխարինի մարդկանց որոշ ոլորտներում: Այնուամենայնիվ, մարդկային հմտությունները, ինչպիսիք են կրեատիվությունը, քննադատական մտածողությունը, հուզական ինտելեկտը և բարդ խնդիրների լուծումը, դեռևս շարունակում են մնալ թերի:
ԱԲ-ի հետ ապագան ավելի հավանական է, որ կներառի մարդկանց և տեխնոլոգիաների համագործակցությունը, որտեղ ԱԲ-ն կմեծացնի մարդկային կարողությունները և հնարավորություն կտա մարդկանց կենտրոնանալ ավելի բարձր մակարդակի խնդիրների վրա, որոնք պահանջում են մարդկային սրամտություն և փորձ:
Կարևոր է արհեստական բանականությունը դիտարկել որպես գործիք, որը կարող է բարձրացնել արտադրողականությունը և ստեղծել նոր հնարավորություններ, այլ ոչ թե այն դիտարկել որպես մարդուն փոխարինող գործիք:
Եզրակացություն
Անգամ այն պարագայում, երբ մենք օրեցօր տեսնում ենք արհեստական բանականության արագ զարգացումն ու աճը, միևնույն է այն մարդուն չի փոխարինի, այլ կօգնի: Այն դառնալու է անփոխարինելի գործիք և հնարավորություն մարդու համար:
Արհեստական բանականության ապագան շատ գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել բոլոր էթիկական հետևանքները և այն օգտագործել պատասխանատվությամբ:
ԱԲ-ի նպատակն է սովորեցնել համակարգչին մտածել ու կատարել մարդու նման։ Այս ամենի հետ մեկտեղ, չպետք է մոռանալ, որ նորարարությունների ետևում առաջին հերթին մարդիկ են և նրանց ստեղծագործական միտքը։
Ըստ Eagleman[1]-ի՝ մարդու գլխուղեղի աշխատանքը կրկնօրինակելը բավականին բարդ է, քանի որ մենք դեռևս տեղյակ չենք այնտեղ կատարվող բոլոր գործընթացներին։
Այնպես որ, մեզ շաաատ հետքրքիր ապագա է ապասվում, որտեղ բոլորս ականատես կլինենք մարդու ստեղծագործ մտքի ու արհեստական բանականության անհավանական համագործակցությանը։
Որպես բոնուս՝ ներկայացնենք մեր խոսակցությունը ԱԲ-ի ամենատարածված գործիքներից մեկի՝ ChatGPT-ի հետ:
Ամփոփելով 3 նկարներում ներկայացված մեր խոսակցությունը ChatGPT-ի հետ՝ կարող ենք նշել, որ այն տալիս է չեզոք պատասխաններ, որոնք և՛ համապատասխանում են իրականությանը, և՛ չեն թերագնահատում ԱԲ-ի ու մարդու դերը ապագայում։
Այն հարցին, թե արդյո՞ք ԱԲ-ն ավելի ճկուն է և արագ, ChatGPT-ն պատասխանում է այո։ Ըստ նրա՝ կան մի շարք ոլորտներ, որոնցում անհնար է գերազանցել ԱԲ-ին։ Բայց կան ոլորտներ, որոնք դեռ պահանջում են մարդու էմոցիոնալ դաշտը, կրեատիվությունն ու բանականությունը։ Այստեղ պետք է ընդունել որոշումներ՝ հիմնված անհատականության և էմոցիաների վրա։
Արդյո՞ք արհեստական բանականությունն ավելի արագ է սովորում, քան մարդը հարցի համար ստացանք նույն պատասխանը. ամեն ինչ կախված է տվյալ ոլորտից։ Կան ոլորտներ, որոնցում մարդը չի կարող մրցել ԱԲ-ի հետ, և ընդհակառակը։
Իսկ ամենագլխավոր հարցին, թե արդյո՞ք ԱԲ-ն կփոխարինի մարդուն ChatGPT-ի համար բավականին բարդ էր պատասխանել։
Ըստ ChatGPT-ի՝ որքան էլ ԱԲ-ի միջոցով ավտոմատացվում են շատ աշխատանքներ, սակայն կրեատիվության, էմոցիոնալ ինտելեկտի և բարդ որոշումներ կայացնելու մեջ դեռ կան շատ սահմանափակումներ։
Արհեստական բանականության զարգացման հետ մեկտեղ նոր հնարավորություններ են ստեղծվելու նաև մարդկանց համար։
Եվ ինչպես արդեն նշել ենք, մեզ շատ հետքրքիր ապագա է սպասվում, որտեղ, անխոս, կտեսնենք ԱԲ-ի և մարդու ամենաստացված համագործակցությունը։
[1] David Eagleman- ամերիկացի նյարդաբան, հեղինակ, Սթենֆորդի համալսարանի նեյրոգիտության դասախոս։ Հանդիսանում է Neosensory ընկերության գործադիր տնօրենը և համահիմնադիրը։ Ընկերությունը մշակում է զգայարանների փոխարինման սարքեր։
Հեղինակ՝
Իրինա Թոփալյան
Կոնտենտ մենեջեր
|